Ընտանեկան բռնությու՞ն, թե՞ գիտակից հասարակություն

«Մտքի խավարը վերացնելու համար պետք է պայքարել ոչ թե այդ խավարի` կարծրատիպերի, տգիտության, վախերի, ամոթի դեմ, այլ վառել լույս` կրթել, տեղեկացնել, բարձրաձայնել և լուծել»․ Արմինե Թովմասյան։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1993 թ-ից ամեն տարի մայիսի 15-ին նշվում է ընտանիքների միջազգային օրը: Հայ հասարակության մեջ ընտանիքը բնութագրվում է որպես սրբություն, սակայն հարազատների հանդեպ բռնության դեպքերի մասին կարելի է հաճախ լսել ինչպես մամուլից, այնպես էլ անձնական խոսակցությունների ընթացքում: Մայիսի 15-ին ընդառաջ ընտանեկան բռնության մասին զրուցեցել ենք սոցիալական հոգեբան Արմինե Թովմասյանի հետ: Փորձել ենք բացահայտել, թե ինչու են բռնության զոհ դարձած անձիք խուսափում դիմել ոստիկանություն, դատարան կամ հոգեբանական խորհրդատվության և գտնել խնդրի լուծումը։

– Ընտանեկան բռնության տարբեր տեսակներ կան։ Հայաստանում ո՞ր տեսակներն են ավելի տարածված։

– Ընտանեկան բռնության տեսակներն են հոգեբանական, ֆիզիկական, սեռական, սոցիալական, ֆինանսական։ Բռնություն գոյություն ունի ընտանեկան տարբեր` ծնող-երեխա, երեխա-տարեց ծնող, կին-ամուսին, քույր-եղբայր, հարս-սկեսուր հարաբերություններում։ Հայաստանում, ցավոք, գոյություն ունեն ընտանեկան բռնության վերոնշյալ բոլոր տեսակները։ Սակայն ամենահաճախ հանդիպող դեպքերից են, կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը։ Վերջինիս մասին տվյալները շատ քիչ են, քանի որ երեխաները, կա՛մ բռնության են ենթարկվում ծնողի, կա՛մ այլ խնամակալ անձի կողմից, ով, ենթադրվում է, որ պետք է հանդես գար երեխայի իրավունքների պաշտպանությամբ։ Նաև լինում է, երբ ենթարկվում են ոչ անմիջական բռնության` ականատես են լինում ընտանեկան վեճերին և բռնության այլ տեսակներին, ինչը ոչ պակաս բացասական ազդեցություն է ունենում երեխայի հոգեկան առողջության վրա։

– Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են հենց այդ տեսակները տարածված։

– Վեճերը և կոնֆլիկտները գոյություն ունեն յուրաքանչյուր հարաբերություններում, սակայն այս դեպքում վիճաբանությունը տեղի է ունենում հավասար պայմաններում։ Բռնությունը ուժի, իշխանության և ենթարկեցման հարաբերություն է, այն բացառում է հարաբերությունը` հավասարը հավասարի հետ։ Ավանդական ընտանիքներում, որտեղ երիտասարդ կինը ստորադասվում է ընտանիքի մյուս անդամներին` ամուսնուն, ամուսնու և իր ծնողներին, եղբորը և այլն, անխուսափելի են բռնության դրսևորումները։ Եթե դիտարկենք բռնության տեսակները առանձին-առանձին, ապա հոգեբանական բռնության տեսակները նույնիսկ չեն համարվում այդպիսին, այլ կրում են սովորութային բնույթ։

Ամուսնու կամ սկեսուրի կողմից կիրառվող գազլայթինգը (հոգեբանական բռնության և մանիպուլյացիայի ձև է, որի նպատակն է ստիպել մարդուն կասկածել տեղի ունեցող երևույթների և իրականության սեփական ընկալման օբյեկտիվության վրա։-Ի․Ս․), նվաստացումները, ինքնասիրության և արժանապատվության ոտնահարումները հաճախ չեն ընկալվում որպես բռնություն, հետևաբար նույնիսկ բռնության զոհը կարող է չգիտակցել, որ ենթարկվում է բռնության, իսկ իր նկատմամբ վերաբերմունքը, պահանջները և սպասելիքները նորմալ չեն։ Կանայք շատ հաճախ կարող են չգիտակցել, որ պարտավոր չեն սեռական հարաբերություն ունենալ, երբ դրա ցանկությունը չունեն, պաշտպանվել` անցանկալի հղիությունից խուսափելու համար, կամ չունենան երեխա, եթե իրենք չեն ուզում, այլ իրենցից պահանջում են ամուսինը, սկեսուրը կամ հասարակությունը։ Իսկ երեխաները չեն ստանում անհրաժեշտ սեռական դաստիարակություն, որպեսզի հասկանան, որ բարեկամի տղայի կամ հայրիկի ընկերոջ շոյանքները, կամ այլ սեռական բնույթի գործողությունները նորմալ չեն, և պետք է ասել այդ մասին ծնողին, ոչ թե վախենալ ու մեղավոր զգալ։

ֆինանսական բռնությունը հիմնականում գոյություն ունի այն պատճառով, որ կանայք նախքան ամուսնանալը չեն ստանում կրթություն կամ չեն աշխատում, որպեսզի կարողանան ապահովել իրենք իրենց և ֆինանսական կախվածության մեջ չընկնեն ընտանիքի այլ անդամներից։ Նրանք այս առումով առավել խոցելի են հղիության և հետծննդաբերական շրջանում։

Խոսելով ֆիզիկական բռնության մասին` հարկ է նշել, որ այն տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ ամուսնու և ծնողի կողմից ծեծը գրեթե միշտ արդարացվում է հասարակության կողմից։
«Իմ կինը/երեխան է, ծեծում եմ» արտահայտությունը լեգիտիմացնում է ծեծը, և այլ հակափաստարկներ այլևս չեն գործում։ Պետք է քայլեր ձեռնարկել՝ հասարակական ընկալումները, և նորմայի շեմը փոփոխելու գործում։

– Հասարակության մեջ կա կարծրատիպ, որ ամոթ է, երբ նման դեպքերում հանրայնացնում են՝ դիմելով համապատասխան մարմիններին (ոստիկանություն, դատարան, հոգեբան)։ Ինչու՞  է այդ կարծրատիպը այդքան տարածված, և արդյոք դուրս է գալիս այդ տեսակետը թե ոչ։

– Այդ կարծրատիպը դեռևս շարունակում է գործել։ Ընդհանրապես կարծրատիպային մտածելակերպը հատուկ է այնպիսի հասարակություններին, որտեղ կրթության և տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է։ Մեր հասարակությունը, ցավոք, այդպիսին է։ Մտքի խավարը վերացնելու համար, պետք է պայքարել ոչ թե այդ խավարի` կարծրատիպերի, տգիտության, վախերի, ամոթի դեմ, այլ վառել լույս` կրթել, տեղեկացնել, բարձրաձայնել և լուծել։

– Նման դեպքերում հոգեբանը կարո՞ղ է ուղղություն ցույց տալ՝ դիմել կամ չդիմել համապատասխան մարմիններին։

– Եթե կոնֆլիկտը իրավիճակային է, բռնությունը իրենից ենթադրում է կայուն և պարբերական երևույթ։ Երկար ժամանակ տևող բռնությունը մեծ ազդեցություն է ունենում զոհի հոգեբանական առողջության, և իրականությունը ադեկվատ գնահատելու կարողության վրա։ Եթե դեպքը չի պահանջում իրավապահ մարմինների անհապաղ միջամտություն, հոգեբանը նախ պետք է աշխատի զոհի հետ, փորձի նախապատրաստել նրան այդ քայլին հոգեբանորեն, քանի որ, վերջինս, ոստիկանություն դիմելուց հետո շատ, հաճախ ստիպված է լինում վերադառնալ տուն և ապրել բռնարարի հետ մի հարկի տակ։ Հաճախ, դեպքերի հնարավոր զարգացումներից, վախը այնքան մեծ է լինում, որ, որքան էլ պարադոքսալ չհնչի, զոհը իրեն ավելի ապահով է զգում բռնարարի կողքին, քան՝ նրա դեմ դուրս գալով։ Ընտանեկան սպանությունների մեծ մասը տեղի են ունենում բաժանության գործընթացի ընթացքում կամ դրանից հետո։

– Արդյոք զոհերը իրենք են դիմում հոգեբանական օգնության, թե՞ սա շատ հազվադեպ իրավիճակ է։

– Կա կարծրատիպ, որ եթե կինը մնում և հանդուրժում է բռնությունը, ապա դա նրան դուր է գալիս և միջամտել պետք չէ, քանի որ նա, միևնույն է, վերադառնալու է ամուսնու մոտ։ Ոչ մի կին հաճույք չի ստանում վիրավորանքներից, նվաստացումներից և ծեծից։ Սթրեսի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում են սթրեսի հորմոններ։ Առաջին փուլում մարդը մոբիլիզացվում է, նրա մոտ մեծանում է մկանային ուժը, առաջանում են բազմաթիվ հույզեր, այդ թվում և բարկություն։ Ամեն ինչ ուղղվում է նրան, որպեսզի մարդը հաղթահարի սթրեսային իրավիճակը։ Եթե վերջինս չի լուծվում, օրգանիզմը մնում է լարված վիճակում, ուղեղը շատ էներգիա է օգտագործում և աստիճանաբար սկսում է վատ աշխատել։ Եթե այս փուլում էլ խնդիրը չի լուծվում, օրգանիզմը կորցնում է պայքարելու ուժը, մնում է միայն գոյատևել։ Նվազում է իրավիճակի գնահատման, խնդրի լուծման ալտերնատիվ տարբերակ գտնելու հնարավորությունը։ Ուղղակի ուժ չկա․ Ես տեսնում եմ մի ուղի, ես դրանով գնում եմ։ Սա այն է, ինչ կատարվում է օրգանիզմի հետ երկարատև սթրեսի դեպքում, իսկ ընտանեկան բռնությունը երկարատև սթրես է։
Այստեղ շատ կարևոր է, որպեսզի զոհին ուղղորդեն հարազատները, ընկերները կամ այլ սրտացավ մարդիկ, որ ելքեր կան, և դրանցից մեկը հոգեբանին դիմելն է, քանի որ շատ հաճախ զոհերը չեն ունենում բավարար ֆիզիկական, հոգեբանական և ֆինանսական ռեսուրսներ՝  ինքնուրույն այդ որոշումը կայացնելու և օգնություն դիմելու համար։

– Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ կինը ամուսնու հետ միասին է եկել Խորհրդատվության, որպեսզի երկուսով  հասկանան և լուծեն խնդիրը։

– Ընտանեկան բռնությունների դեպքում բռնարարը հաճախ չի ունենում որևէ հոգեբանական խնդիր, ինչպես կարող է թվալ։ Նրանք հանգամանորեն ուսումնասիրում են իրենց զոհին, գիտեն վերջինիս հնարավոր արձագանքի մասին և շատ լավ գիտեն, թե ում հետ ինչպես կարելի է վարվել։ Շատ հաճախ, հատկապես գազլայթինգի դեպքում, ամեն ինչ շատ լավ գիտակցվում է և, նույնիսկ, նախապես պլանավորվում։ Զույգերը բռնության հարցով հազվադեպ են դիմում հոգեբանի օգնությանը, այն էլ միայն նրա համար, որպեսզի բռնարարը կնոջը համոզի, որ փորձում է փոխվել ու նրան իր կողքին պահի։ Նրանք սովորաբար փոխվելու մտադրություն չեն ունենում, քանի որ բռնություն չկիրառելու համար անհրաժեշտ է միայն որոշում, իսկ օրենքի կամ հասարակության քննադատության վախը կարող են ազդել նման որոշում կայացնելու վրա։

– Երբ քովիդյան սահմանափակումների ծանր շրջան էր, 2020 թվականին, ընտանեկան բռնության  կտրուկ աճ գրանցվեց որոշ երկրներում։ Հայաստանը կարո՞ղ ենք դասել այդ երկրների ցուցակին։

– Բոլոր երկրներում, որտեղ եղան քովիդյան սահմանափակումներ, ընտանիքի անդամները ստիպված եղան օրերով փակված մնալ բռնարարի հետ նույն հարկի տակ, ինչի հետևանքով աճեց ընտանեկան բռնությունների թիվը։ Հայաստանը ևս բացառություն չէր։ Ոստիկանություն կամ տարբեր հասարակական կազմակերպություններ դիմած կանանց թիվը աճել է 2020 թվականի մարտ-ապրիլ-մայիս ամիսների ընթացքում։ Սակայն, եթե նայենք ոստիկանության տվյալներին (127 նախազգուշացման և 30 անհետաձգելի միջամտության որոշումներ), դժվար չէ կռահելը, որ այդ թվերը չեն արտացոլում իրականությունը, և ընտանեկան բռնությունների թիվը շատ ավելի մեծ է։ Սակայն խոսքը վերաբերում է միայն  ֆիզիկական բռնություններին, իսկ բռնության այլ տեսակները, սովորաբար անտեսվում են թե՛ հասարակության, թե՛ օրենսդրության կողմից։

– Եվ վերջին հարցը։  Ինչպե՞ս լուծել այն խնդիրը, որ, գոնե նման դեպքերում, հասարակությունը գիտակցի համապատասխան մարմիններին և մասնագետներին դիմելու կարևորությունը։

– Գոյություն ունի ընտանեկան բռնությսն կանխարգելիչ միջոցառումների համակարգ, որն ընդգրկում է իրազեկման, ուղղորդման և վերահսկողություն ապահովող գործառույթներ, որոնք, սակայն, այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Քանի որ մեր տիպի հասարակության մեջ փոփոխությունները լինում են ոչ թե վերևից ներքև (օրենքի միջոցով), այլ՝ ներքևից վերև (հասարակության գիտակցության և արժեհամակարգի փոփոխության արդյունքում)։ Այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցառումների ցանկում հանրային իրազեկման բարձրացման գործողություններն արժեքավոր են նրանով, որ նպաստում են ընտանեկան բռնությունը արդարացնող կարծրատիպերի վերացմանը՝ հակակշռելով բռնարար վարքագծին։ Բռնության դեպքում իրավապահ մարմիններին կամ աջակցման կենտրոններին դիմելը այնքան էլ արդյունավետ չի լինի,քանի դեռ հասարակության տարբեր խմբերում ընտանեկան  բռնությունը համարվում է նորմալ, ընդունելի ու ոչ դատապարտելի վարքագիծ։ Ընտանեկան բռնությունը միայն ծեծը չէ, այն շատ ավելի խորը և բազմաշերտ երևույթ է։

Ինեսա Սուքիասյան

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍԳՍ ֆակուլտետի «Լրագրություն» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող